2 Փետրվարի 2017, 105 - Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ընդունված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Որոնում և փրկում» N 12 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայասատանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ձեռնարկել քայլեր Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների կողմից սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգին համապատասխան պլանների մշակման և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համաձայնեցման ուղղությամբ:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում ընդգրկված մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում մշակել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգից բխող իրենց գերատեսչության պլանը և համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։