Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2017, 86 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 7-րդ մասերի, 11-րդ հոդվածի 5-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցման գումար ստանալու համար դիմում ներկայացնելու, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառու ճանաչելու, շահառուների շրջանակը որոշելու, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորելու, հատուցման դեպքը և (կամ) դրա փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների տվյալները, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների, շահառուներին վճարվող հատուցման գումարի չափի վերաբերյալ տեղեկություններն իրավասու պետական մարմիններին և հատուցման հիմնադրամին տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց վճարվող հատուցման գումարի ամսական հավասար վճարին ավելացվող ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերը և դրանց փոփոխման մասին տեղեկությունները բացահայտելու, հավաքագրելու, մշակելու, այդ հիմքերը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու և դրանք իրավասու պետական մարմիններին ու հատուցման հիմնադրամին տրամադրելու, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցման հիմնադրամի կողմից ամսական լրացուցիչ գումար վճարելու որոշում ընդունելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) վճարված դրոշմանիշային վճարի գումարը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողներին, ամուսնուն և (կամ) զավակներին, ինչպես նաև ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարը ֆիզիկական անձին վերադարձնելու համար դիմում ներկայացնելու, իրավասու պետական մարմինների և հարկային մարմնի կողմից անհրաժեշտ տեղեկանքներ տրամադրվելու և դրոշմանիշային վճարի գումարը վերադարձվելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին փոխանցվող` դրոշմանիշային վճար վճարողների ցուցակների և հարկային մարմնի կողմից ֆինանսների ոլորտում կառավարության լիազորված մարմին ներկայացվող` դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամ փոխանցելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Հավելված