2 Փետրվարի 2017, 71 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Գալշոյան փողոցում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 38.400.000 դրամ գնահատված արժեքով և 362.60 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին N 154/0013 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: