Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2017, 62 - Ն

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի վերակառուցման (այսուհետ` ծրագիր) իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա սեփականության սեփականատերերի շահերից՝ հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց վերակառուցվող էլեկտրահաղորդման օդային գծերի ուղեգծի միջանցքի սահմաններում սեփականության որոշ oբյեկտների oտարման, քանի որ էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանների տեղակայման համար անհրաժեշտ են հողատարածքներ:
2. Թույլատրել օտարվող սեփականությունը ձեռք բերող` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ձեռք բերող), սույն որոշման հավելվածում նշված կոորդինատներին համապատասխանող ուղեգծի յուրաքանչյուր կողմից, 20 մետր լայնությամբ տարածք ներառող միջանցքի սահմաններում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ, ընդերքի հետազոտական աշխատանքներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:
3. Սահմանել, որ՝
1) օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության իրականացման ժամկետը երկու ամիս է` սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
2) սեփականության oտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է.
3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
4) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված