12 Հունվարի 2017, 60 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու համար: