Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2017, 27 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԺՈ-240-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշումներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը՝ համապատասխան ֆինանսավորումն ստանալու և միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող ծրագրերին տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի արտաբյուջետային միջոցների նոր հաշիվ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը գործողության ժամկետով:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԺՈ-240-Ն որոշմամբ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին վավերացված «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ֆինանսական ներդրումների կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին: