Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1380 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 264.210.849724) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 222.210.90050):
2. Սահմանել, որ «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 1853-Ն որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Սահմանել, որ՝
1) «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինարարության բնագավառում հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելն է, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրերի (փաստաթղթերի) կազմման պետական միջոցառումների, պետական, ազգային, պլանային ու բարձունքային գեոդեզիական ցանցերի, պետական նշանակության տեղագրական և թեմատիկ քարտեզների ստեղծման, թարմացման, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների մշակման, գործիքների և սարքավորումների չափաբանական ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի մասնագետների ու աշխատողների ուսուցումը, վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը, տեղեկատվականվերլուծական նյութերի պատրաստումն է.
2) կազմակերպությունն իրականացնում է հետևյալը՝
ա. Հայաստանի Հանրապետության ազգային, համաշխարհային, պետական գեոդինամիկական պոլիգոններում արդիական և քվազիգեոիդի մոդելի ստեղծման գիտական աշխատանքների իրականացում, գեոդեզիական (պլանային և բարձունքային, ինչպես նաև ռեալ ժամանակով մշտական գործող) ցանցերի ստեղծում, թարմացում և զարգացում, գեոդեզիական ու ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգներ) ստեղծում և վարում, վարչատարածքային միավորների ու հատուկ պահպանվող տարածքների սահմանների հիմնավորման, սահմանագծման և նկարագրման աշխատանքների իրականացում,
բ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) հետ կապված գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում,
գ. պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի ստեղծում` թվային ու ավանդական եղանակներով, դրանց թարմացում, հրատարակում և բազմացում,
դ. ֆոտոգրամետրիական աշխատանքների իրականացում, օրթոֆոտոքարտեզների, օրթոֆոտոհատակագծերի և բազային թվային քարտեզների ստեղծում,
ե. օդալուսանկարահանման և արբանյակային հանութագրման նյութերի դաշտային վերծանման աշխատանքների իրականացում,
զ. պետական և տեղական նշանակության նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման ու վարման աշխատանքների իրականացում,
է. կադաստրային թվային քարտեզների ստեղծում և մշակում (մուտքագրում, թվայնացում, տպագրում),
ը. պետական երկրատեղեկատվական համակարգի ստեղծում,
թ. աշխարհագրական անվանումների հաշվառում, գրանցում, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում ու վարում, պաշտոնական տեղեկագրի (գազետիր), բառարանների և ցանկերի հրատարակում,
ժ. հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս) ստեղծում և հրատարակում,
ժա. քարտեզագրագեոդեզիական աշխատանքների փորձաքննության և գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների իրականացում, նորմատիվտեխնիկական փաստաթղթերի մշակում,
ժբ. գեոդեզիական և քարտեզագրական գործիքների ու սարքավորումների հաշվառում և գրանցում, տեխնիկական նորմերի ու ստանդարտների մշակում,
ժգ. Երկրի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի և տեղեկատվության ընդունման, մշակման, արխիվացման աշխատանքների իրականացում,
ժդ. տիեզերալուսանկարահանման տվյալների ընդունման, ստացված լուսանկարների նախնական մշակման և արխիվացման աշխատանքների իրականացում,
ժե. նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների իրականացում,
ժզ. հողաշինարարության, հողերի տարածքային կազմակերպման և գնահատման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ու ստանդարտների մշակում,
ժէ. հողային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ծրագրերի մշակում, հողերի միավորման, բաժանման պետական նպատակային ծրագրերի ու նախագծերի մշակում և կատարում,
ժը. հողային ֆոնդի հաշվառման աշխատանքների իրականացում` հողերի կատեգորիաների փոփոխության վերլուծություն, պատճառների վերհանում և առաջարկություններ ներկայացնելը,
ժթ. գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի կադաստրային գնի որոշում,
ի. կադաստրի տեղեկագրի պատրաստում և հրատարակում.
3) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան գեոդեզիական խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական ու հանութային աշխատանքների իրականացում,
բ. կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացում,
գ. գերատեսչական և տեղական (համայնքային) նշանակության երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում,
դ. հրատարակչական գործ, տպագրական գործ, տպագրական նյութերի վերարտադրում, ուսումնամեթոդական ձեռնարկների, մասնագիտական բուկլետների պատրաստում, հրատարակում և իրացում,
ե. տեղական նշանակության քարտեզագրագեոդեզիական նյութերի և տվյալների մասին տեղեկատվության տրամադրում,
զ. թեմատիկ քարտեզների ու հատակագծերի կազմում և հրատարակում,
է. սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների չափաբանական ապահովում,
ը. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղական նշանակության, ինչպես նաև նրա սահմաններից դուրս (հարակից տարածքներում) քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով տիեզերանկարահանման տվյալների ընդունման և դրանց մշակման աշխատանքների իրականացում,
թ. քաղաքաշինական ոլորտի գործունեության նախագծային աշխատանքների իրականացման նպատակով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքի ստեղծում,
ժ. ինժեներատեխնիկական գծային կառուցվածքների (երկաթգիծ, ճանապարհ, էլեկտրականության և կապի վերգետնյա ու ստորգետնյա գծեր, խողովակաշարեր) նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքի ստեղծում,
ժա. հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսային հողաշինարարական նախագծերի, հողերի օգտագործման և պահպանության, նոր հողերի իրացման, բարելավման, ռեկուլտիվացիայի նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների նախագծային աշխատանքների իրականացում, գլխավոր հատակագծերի կազմում,
ժբ. անշարժ գույքի շուկայական գնահատում.
ժգ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում չաշխատող անձանց ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում:»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: