29 Դեկտեմբերի 2016, 1365 - Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետի համայնքի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` Սարչապետ գյուղ, 2-րդ փողոց, շենք 5), «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` Բյուրական գյուղ, 1-ին փող., շենք 12), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Աբովյանի ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուսուցչի տների և հանրակացարանի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ըստ պատկանելության, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին: