Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2016, 1056 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ու 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնօրինության՝ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 31 հասցեում գտնվող 2-րդ մասնաշենքի՝ 365 500 000 դրամ գնահատված արժեքով, 1456,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և տեխնիկական հարկերի տարածքը 7 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի տարածքային զարգացման» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գտնվելու վայրը՝ 0037, քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 31)՝ հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում սահմանելով, որ՝
1) հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) իր կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին: