Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2016, 1054 - Ա

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր) 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարձակալության պայմանագրի համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված ակտիվները՝ 589,454,512 դրամ արժողությամբ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին` նկատի ունենալով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը շահագործվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից, համատեղ (յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում)՝
1) կազմակերպել և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ակտիվների) հանձնում-ընդունումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելուց հետո հանձնել վարձակալության՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը:


Հավելված