13 Հոկտեմբերի 2016, 1049 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Արշակունյաց N 2 ա հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկից 19 732 000 դրամ գնահատված արժեքով 80.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մունետիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արշակունյաց 2 ա)՝ «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդեսի գործունեության իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում որպես պայման սահմանելով, որ`
1) ընկերությունը յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին ընկերության գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր.
2) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում օգտագործողի կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման.
3) անհատույց օգտագործման տրամադրված սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը կարող է օգտագործվել միայն ընկերության կողմից լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով.
4) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասերն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չեն կարող տրամադրվել այլ անձանց.
5) պայմանագրում նշված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.
6) պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են ընկերության միջոցների հաշվին: