Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2005, 2390 - Ն

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնասի պատճառման ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել`

ա) աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռումների (վիբրացիա) հիգիենիկ նորմերը,

բ) աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման հիգիենիկ նորմերը,

գ) աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի լարվածության հիգիենիկ նորմերը,

դ) աշխատատեղերում արդյունաբերական հաճախականության (50 Հց) փոփոխական մագնիսական դաշտի հիգիենիկ նորմերը,

ե) աշխատատեղերում ինֆրաձայնի հիգիենիկ նորմերը,

զ) աշխատատեղերում ուլտրաձայնի հիգիենիկ նորմերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: