25 Օգոստոսի 2016, 865 - Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և Երևան քաղաքի Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը ու բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին: