Կառավարության որոշումներ

11 Օգոստոսի 2016, 827 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 493-Ն ԵՎ N 486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, ինչպես նաև աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող՝ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգի լիարժեք և արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ամբողջական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» N 493-Ն և «Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» N 486-Ն որոշումների գործողությունը՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

2. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ օտարերկրացի աշխատողի համար գործատուներին տրված աշխատանքի թույլտվությունները գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ընթացքում և վերականգնումից հետո, բայց ոչ ավելի, քան աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետը.
2) օտարերկրացիները, որոնց համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործատուների կողմից օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել են աշխատանքի թույլտվություն ստանալու մասին դիմումներ, կարող են աշխատել Հայաստանի Հանրապետությունում՝ առանց աշխատանքի թույլտվության, իսկ ներկայացված դիմումները ենթակա են դիմումատուին վերադարձման՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում օտարերկրացի աշխատողների ներգրավման գործընթացի և արդյունքների բազմակողմանի մշտադիտարկում ու գնահատում և ըստ անհրաժեշտության՝ ներկայացնել հիմնավոր առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: