4 Օգոստոսի 2016, 798 - Ն
«ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 12-րդ և 42-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.0 հազ. դրամ, որը բաժանված է 100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
3. Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
4. «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և բաժնետոմսերի դիմաց վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) ձևավորել ընկերության գործադիր մարմին.
2 հաստատել ընկերության կանոնադրությունը.
3) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը.
4) «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման հետ կապված վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
6. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: