Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 771 - Ն

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածն ու 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03321) վերակազմավորել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հիմնադրամի տնօրեն-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Վահրամ Բազմասերի Առաքելյանին (անձնագիր` AK 0511147, տրված՝ 25. 05. 2010 թ., 011-ի կողմից):
5. Առաջարկել հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Սահմանել, որ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:
7. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշման 8-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի վերաբերյալ ինստիտուտի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր՝ դրանցում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ 2004 թվականի հունվարի 22-ին տրված սեփականության իրավունքի N 1647471 վկայականով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող լողավազանի, հանդերձարանների և երկու թենիսի կորտերի նկատմամբ գրանցված սեփականության, ինչպես նաև հողամասի օգտագործման իրավունքները դադարեցնելու համար:
10. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման,
բ. ապահովել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
11. Սահմանել, որ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան է անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված