Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2334 - Ն

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:

4. Սահմանել, որ`

ա) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան գործառույթների իրականացումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը.

բ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 6.150.600 դրամ ընդհանուր արժողությամբ ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պետական սեփականություն հանդիսացող հողերի և պատմամշակութային նշանակության գույքի:

5. Երևանի Ջրաշատի փողոցի N1 շենքի 5-րդ և 6-րդ հարկերը (800 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Գյումրի քաղաքի Աբովյան 196 հասցեում գտնվող շենքի

200 քառ. մետր և Կապան քաղաքի Մ. Ստեփանյանի 14 հասցեում գտնվող շենքի

200 քառ. մետր տարածքները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ այլ գույքը հանձնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

6. Թույլատրել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) տեխնիկական անվտանգության ոլորտում գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում, զննում.

բ) տեխնիկական անվտանգության հետ կապված բնագավառներում ուսումնական դասընթացների իրականացում:

7. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:

8. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`

ա) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի հաստատումը.

բ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:

9. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: