Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2016, 740 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ու Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական սեփականություն հանդիսացող և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, 2015 թվականին կառուցված, 44987330.0 դրամ սկզբնական արժեքով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքի Գ. Նժդեհի փողոցի 1/3 հասցեում գտնվող՝ 205,4 քառ. մետր մակերեսով անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը և 6.7 ու 2.2 քառ. մետր մակերեսներով պարիսպներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության պողոտա 1/21-40):
2. Պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի անվտանգության համակարգը, գրասենյակային կահույքը և անասնաբուժական սարքերը՝ համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև «Ռենալտ-Դոկկեր» մակնիշի 4 ավտոմեքենան՝ համաձայն N 2 հավելվածի, ամրացել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:
3. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1303-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:»:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև 2-րդ կետում նշված ավտոմեքենաների պետական հաշվառումը.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` նախատեսելով, որ պայմանագրերից բխող` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և ավտոմեքենաների պետական հաշվառման ծախսերը ենթակա են իրականացման «Ագրո-բիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
3) պայմանագրերում սահմանել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի օգտագործման պայմանները` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ու Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի պահանջներին համապատասխան:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի հունվարի 18-ին կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման մասին NN 02/0016 և 03/0016 պայմանագրերում սույն որոշման 4-րդ կետից բխող փոփոխությունների իրականացման վերաբերյալ:

Հավելված