14 Հուլիսի 2016, 739 - Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծը և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գոտևորման նախագիծը, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`
1) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով նախատեսված Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի և հողատարածքների սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, քանի որ`
ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում,
բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ոչ կենտրոնական փողոցները միմյանց կապող շառավղային մայրուղիներով, որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս ամբողջական չեն, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,
գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.
2) հաշվի առնելով նշվածները` մշակվել է Դավթաշեն-Աշտարակ մայրուղու նախագիծը:
2. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության (հողամասի, շենքերի, շինությունների և առկա բարելավումների) նկարագրության արձանագրության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի փետրվարի 15-ն է.
3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով.
5) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին՝
1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` հասարակության և պետության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: