Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2333 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2126- Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի պետական հանրակրթական համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թաղային համայնքներին լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի N 444 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2126-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևանի թաղային համայնքներին և Երևանի քաղաքապետին վերապահել Երևանի քաղաքապետարանի ենթակայության` կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմի 40 տոկոսը ձևավորելու լիազորությունը:

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցների կառավարման խորհուրդները կազմված են 7 անդամից: Երևանի թաղային համայնքներին և Երևանի քաղաքապետին վերապահված խորհրդի 3 անդամներից մեկին առաջադրում է Երևանի քաղաքապետը, երկուսին` թաղային համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ.

բ) Երևանի քաղաքապետի և Երևանի թաղային համայնքի ղեկավարի կողմից առաջադրված անձը չի կարող ընդգրկվել մեկից ավելի խորհուրդների կազմերում.

գ) Երևանի քաղաքապետարանի ենթակայության` կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները ձևավորվում և գործադիր մարմինների տնօրեններն ընտրվում ու պաշտոնի են նշանակվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: