Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 704 - Ն

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ ու 466-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև 2009 թվականի հուլիսի 8-ին կնքված N 6/2009 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2016 թվականին վճարման ենթակա վարկի հիմնական գումարները մարվելու են՝ սկսած 2017 թվականի հունիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 10-ը՝ հավասարաչափ կիսամյակային մարումներով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև 2013 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 5/2013 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2016 թվականին վճարման ենթակա վարկի հիմնական գումարները մարվելու են՝ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հավասարաչափ եռամսյակային մարումներով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 376-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված N 2/2015 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2016 թվականին վճարման ենթակա վարկի հիմնական գումարները մարվելու են՝ սկսած 2017 թվականի մարտի 25-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը՝ հավասարաչափ եռամսյակային մարումներով.
4) դադարեցնել սույն որոշման 1-ին կետում նշված վարկային պարտավորությունների գծով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար 2016 թվականի մարտի 1-ից մինչև սույն որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: