Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2329 - Ն

ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ), ԼՈՒՍՆԱՍՊԻՏԱԿ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) դեղին (նարնջագույն) առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափային նորմերը գերազանցող, մեծ եզրաչափերով և (կամ) ծանրաքաշ բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր փոխադրող, իսկ սահմանված դեպքերում` նաև այդ փոխադրումներն ուղեկցող, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում շահագործվող տրանսպորտային միջոցները,

բ) լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող փոստային կապի ծառայություն մատուցող կամ «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ինկասացիոն գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցները:

3. Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն) կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներ տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցների կահավորումը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

4. Սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցները տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցները ներկայացնել դրանց գրանցման մարմիններ` վերջիններիս կողմից տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում առկայծող փարոսիկներով կահավորված լինելու մասին գրառում կատարելու համար:

5. Կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների քանակը որոշում է տվյալ տրանսպորտային միջոցները տնօրինող մարմնի (ծառայության) ղեկավարը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 16-ի «Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 367 որոշման գործողությունը դադարեցվում է տրանսպորտային միջոցներն առկայծող փարոսիկներով կահավորելու մասով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: