26 Մայիսի 2016, 546 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետը և 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Իսահակյան փողոցի N 28 շենքի N 3 շինության հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի՝ 74,820,000 դրամ գնահատված արժեքով 164.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և 3-րդ հարկից 81,211,000 դրամ գնահատված արժեքով 187.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նոյյան Տապան Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ 0009 քաղ. Երևան, Իսահակյան 28) «Նոյյան Տապան» լրատվական գործակալության գործունեության իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Իսահակյան փողոցի N 28 շենքի N 3 շինության հասցեում գտնվող շենքից գրահրատարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել տարածքներ՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության և կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում և հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում որպես պայման սահմանելով, որ`
1) յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 15-ը սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին ընկերության գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր, իսկ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչների 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված փաստաթղթեր.
2) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքներում օգտագործողների կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման.
3) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը կարող է օգտագործվել միայն «Նոյյան Տապան» լրատվական գործակալության գործունեությունը կազմակերպելու նպատակով, իսկ սույն որոշման հավելվածում նշված տարածքները կարող են օգտագործվել միայն հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացվող գրահրատարակչական գործունեությունը կազմակերպելու նպատակով.
4) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքները կամ դրանց մասերն օգտագործողների կողմից որևէ գույքային իրավունքով չեն կարող տրամադրվել այլ անձանց.
5) պայմանագրերում նշված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, իսկ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքում, ենթակա են լուծման.
6) պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության և կազմակերպությունների միջոցների հաշվին: