21 Ապրիլի 2016, 474 - Ա
«ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևան ակվա» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 0.6445 հեկտար հողամաս՝ համաձայն հավելվածի, վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:
2. Սահմանել, որ «Սևան ակվա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 1-ին կետով տրամադրված հողամաuի կառուցապատման իրավունքը կարող է պայմանագրով երկարաձգվել՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և առաջարկել «Սևան ակվա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել «Սևան ակվա» փակ բաժնետիրական ընկերության և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Սևան ակվա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: