28 Ապրիլի 2016, 488 - Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՎ ԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման, ինչպես նաև Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջուրն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և առաջարկել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը`
1) Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման գործառույթներն իրականացնել սույն որոշմամբ հաստատված պայմանների համաձայն.
2) մինչև 2016 թվականի ոռոգման շրջանի ավարտը մշակել և ներկայացնել ծրագիր դերիվացիոն ջրանցքների և դրանցից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասերում ըստ պատկանելության ջրաչափական դիտակետերի կառուցման, դրանք ժամանակակից, կատարելագործված ջրաչափական սարքավորումներով կահավորման, կենտրոնացված ավտոմատ կառավարման և տվյալների հեռահաղորդակցման համակարգի ներդրման վերաբերյալ.
3) 2016 թվականի ոռոգման շրջանում օրենսդրության պահանջների համաձայն` լուծել Սևան-Հրազդան համակարգից ապօրինի ջրօգտագործման օրինականացման հարցերը:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ոռոգման շրջանում Երևանյան ջրամբարի շահագործումն իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից սահմանված Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման ռեժիմի համաձայն` դիտարկելով այն որպես այդ համակարգի բաղկացուցիչ մաս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված