Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 421 - Ն

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՍԱՐԵՐՈՒՄ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ԳՅՈՒՄՐՈՒ Վ. ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՅՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» և «է», 9-րդ հոդվածի «ե» կետերի ու 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել և Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարել «Քարհատ» մեքենա» փակ բաժնետիրական ընկերության ճաշարանի շենքում (հասցեն՝ քաղ. Գյումրի, Երևանյան խճուղի, 145 ա) գտնվող Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը (այսուհետ` որմնանկար):
2. Որմնանկարն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն` քաղ. Գյումրի, Սայաթ-Նովայի 4/20):
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մինչև 2017 թվականի հունիս ամիսն իրականացնել որմնանկարի (պետական ցուցիչը՝ 7.1.24) տեղափոխման աշխատանքները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Քարհատ» մեքենա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել որմնանկարի նվիրատվության պայմանագիր.
2) սահմանված կարգով համաձայնություն տալ որմնանկարի վերականգնման աշխատանքների կատարման համար և ապահովել նշված աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել որմնանկարն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր ու «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան՝ պահպանական պարտավորագիր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1270-Ն որոշման հավելվածի «7.1. Գյումրի քաղաք» բաժնի 24-րդ կետի «Ծանոթագրություն» սյունակում «5 պատկեր, հեղ.` Մ. Ավետիսյան, պահպանվել է մասամբ» բառերը փոխարինել «5 պատկեր` որից 2-ը՝ հեղ.՝ Մ. Ավետիսյան, 2-ը` հեղ.՝ Ռ. Աթոյան և 1-ը՝ հեղ.՝ Հ. Հակոբյան» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: