28 Ապրիլի 2016, 436 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկ (այսուհետ` թանգարան):
2. Թանգարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության պողոտա 2:
3. Սահմանել, որ թանգարանի գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`
1) հայոց ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության վերաբերյալ ցուցադրական նյութերի համալրումը, հաշվառումը, ուսումնասիրումը, պահպանումը և թանգարանային ցուցադրման եղանակով հանրությանը ներկայացնելը.
2) թանգարանային առարկաների ուսումնասիրությունը և գիտական անձնագրավորումը.
3) թանգարանի մշտական և ժամանակավոր պահպանությանը հանձնված նմուշների, թանգարանային այլ ցուցանմուշների հաշվառումն ու պահպանումը.
4) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների մշտական ու ժամանակավոր հանրային ցուցադրումը.
5) նպաստել պատանի սերնդի, զինծառայողների, ինչպես նաև ազգաբնակչության ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային արժեքների պահպանությանը և ազգային ինքնագիտակցության ու հպարտության բարձրացմանը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը և դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: