Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2016, 389 - Ն

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիներին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականների հիման վրա, առաջին անգամ դիմելու դեպքում՝ առանց որակավորման քննություններ հանձնելու հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ՝ մեկ տարի ժամկետով:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական ստանալու համար քննական մարմին են ներկայացնում`
ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում Հայաստանի Հանրապետությունում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,
բ. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր,
գ. Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականը, ինչպես նաև դրա թարգմանությունը` նոտարական վավերացմամբ.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքում և ժամկետում որակավորման քննությունները բացասական հանձնելու դեպքում առանց որակավորման քննություն-ներ հանձնելու հատկացված՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականները համարվում են ուժը կորցրած.
3) սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական կարող է հատկացվել միայն մեկ անգամ.
4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քննական մարմին ներկայացված Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականները ենթակա են վերադարձման՝ դիմումի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: