Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2016, 385 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2016 թվականի ապրիլի 23-ին Երևանում կայանալիք` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2016 թվականի մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) մինչև 2016 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել 2016 թվականի ապրիլի 23-ին Երևանում կայանալիք` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստացված` սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի վերաբերյալ տվյալների հետ ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ առաջարկության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։