Կառավարության որոշումներ

31 Մարտի 2016, 350 - Ն

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԵՎ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է .
1. «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04732) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04756):
2. «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 1403-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման ամբողջ տեքստում «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային» բառերը փոխարինել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային» բառերով.
2) 2-րդ կետում «բ)» և «գ)» տառերը փոխարինել համապատասխանաբար «2)» և «3)» թվերով, իսկ «ա)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
ա. Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը, հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը,
բ. արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության, ինչպես նաև Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական ոճը շարունակող ճարտարապետների գործունեության ուսումնասիրումը,
գ. հայկական ճարտարապետությանը, քաղաքաշինությանը, շինարարական արվեստին վերաբերող պատմական և կիրառական նշանակության նյութերի հավաքումը, ուսումնասիրումը, պահպանումը և մասսայականացումը,
դ. ճարտարապետության, քաղաքաշինության, շինարարական արվեստին և անհատ ճարտարապետների ստեղծագործություններին վերաբերող տվյալների բանկի ստեղծումը,
ե. իր ֆոնդերի համակարգչային մշակման և պահպանման ապահովումը, ցուցանմուշների հավաքումը կամ գնումը, թանգարանի ֆոնդարանի, ինչպես նաև հայկական ճարտարապետությանը վերաբերող գիտամասսայական և գովազդային գրականության հրատարակության պատրաստումն ու սահմանված կարգով հրապարակումը,
զ. մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսների կազմակերպումը (նաև օտարերկրյա պետություններում),
է. խմբագրահրատարակչական գործունեության իրականացումը».
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թույլատրել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, նշանավոր անձանց կամ իրադարձություններին նվիրված միջոցառումներ, երեկոներ, դասախոսություններ և այլ) կազմակերպում.
2) սահմանված կարգով ճարտարապետության վերաբերյալ գիտահրատարակչական աշխատանքների կատարում.
3) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդի արխիվային նյութերի հիման վրա վճարովի ծառայությունների մատուցում.
4) ցուցահանդեսների ձևավորում.
5) իրավաբանական և ֆիզիկական անձանց ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարարական արվեստին վերաբերող փաստավավերագրական նյութերի կրկնօրինակների տրամադրում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:
4. Սահմանել, որ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է։
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
ա. ապահովել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող` «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված և սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրումը, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ. հաստատել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունները և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Ալեքսանդր Թամանյանի ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստացի օգտագործվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության և «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: