17 Մարտի 2016, 332 - Ն
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱ-ՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱ-ՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 352-րդ հոդվածներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում՝ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասում, ինչպես նաև 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում, կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) բնակարան (բնակելի տուն) ստացած անձանց հետ հատկացված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ` 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
2. Սահմանել, որ`
1) ծրագրի շրջանակներում հատկացված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության պայմանագրերը սույն որոշման 1-ին կետում նշված վերջնաժամկետում չկնքվելու դեպքում այդ՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանները (բնակելի տները) նվիրվում են համապատասխանաբար Գյումրու և Սպիտակի քաղաքային համայնքներին.
2) ծրագրի շրջանակներում բնակարան (բնակելի տուն) ստացած, սակայն հատկացված բնակարանի (բնակելի տան) նվիրատվության պայմանագրերը սույն որոշման 1-ին կետում նշված վերջնաժամկետում չկնքած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված վերջնաժամկետը լրանալուց հետո եռամսյա ժամկետում հստակեցնել Գյումրու և Սպիտակի քաղաքային համայնքներին նվիրվող գույքի ցանկը և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: