Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2315 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանեկան նպաստի համար նախատեսված գումարների 98 տոկոսը նպատակուղղել ընտանեկան նպաստի և ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ օգնության, իսկ 2 տոկոսը` հրատապ օգնության վճարմանը:

2. Սահմանել`

ա) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը` ըստ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 33.00 միավոր.

գ) ընտանեկան նպաստի բազային մասը` 7000 դրամ.

դ) 33.01-37.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4000 դրամ,

4 և ավելի մինչև 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,

բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4500 դրամ,

բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ.

ե) 37.01 - 40.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4500 դրամ,

բազմազավակ ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,

բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ.

զ) 40.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,

բազմազավակ ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ.

է) որ սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը.

ը) միանվագ դրամական օգնության չափերը`

ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում` 35 հազ. դրամ,

ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ,

ընտանիքի անդամի մահվան դեպքում` 25 հազ. դրամ,

թ) հրատապ օգնության չափը` 7000 դրամ:

3. Թույլատրել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:

4. Սահմանել`

ա) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազ. դրամ.

բ) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 2300 դրամ:

5. Հաստատել պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև

0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` պետական նպաստների նշանակման և վճարման, ինչպես նաև ընտանեկան նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել պետական նպաստների նշանակման և վճարման կիրարկումն ապահովող հրահանգները:

8. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ կազմակերպել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի նշանակման և վճարման հանրապետական ու տեղական տեղեկատվական բազաների հանձնումն ու ընդունումը.

բ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի թաղային համայնքների ղեկավարների) հետ կազմակերպել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնների կողմից համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ընթացիկ գործերը, ընդունված դիմումները և նպաստ չնշանակված գործերն իրենց փաստաթղթերով` կազմելով համապատասխան հանձնման–ընդունման ակտ` դրանցում նշելով հանձնվող գործերի թիվը, յուրաքանչյուրում էջերի քանակը և վճարման մասին տեղեկատվությունը, ինչպես նաև 2005 թվականի ընթացքում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած անձանց ցուցակը.

գ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո 5-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտերի 2-րդ օրինակների հետ միասին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին կանոնադրության 12-րդ կետից հանել «երեխայի ծննդյան միանվագ,» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրության 1-ին կետի «դ» ենթակետը և 7-րդ գլուխն ամբողջությամբ:

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշումը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ և գործազրկության բազային նպաստների չափերը սահմանելու մասին» N 235 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ, 3.1-րդ, 5-րդ, 6-րդ, 7.1-րդ և 8-րդ կետերը:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: