29 Հունվարի 2016, 126 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող 98 633 000 դրամ գնահատված արժեքով, 198,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0195 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տերյան 2) և որպես կանոնադրական կապիտալում ներդրում՝ գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Ալեք Մանուկյան 5) կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով դրա գնահատված արժեքի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության խորհրդի նախագահի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Առաջարկել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը: