Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2016, 95 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 605-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փող. 130 հասցեում գտնվող՝ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Ագաթանգեղոսի 6) սեփականությունը հանդիսացող` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ 16.787.550 դրամ հաշվեկշռային արժեքով, 1257.2 քառ. մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքը նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը՝ (այսուհետ՝ ֆեդերացիա) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Խանջյան 27)՝ ֆեդերացիայի կարիքների համար որպես մարզադաշտ օգտագործելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ֆեդերացիայի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) ֆեդերացիան պարտավորվում է պայմանագրի կնքման օրվանից սկսած՝ հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով իրականացնել ութ հարյուր միլիոն դրամի ներդրում.
2) նախատեսված ներդրման ծավալները հինգ տարվա ընթացքում խախտելու դեպքում նվիրաբերությունը վերացվում է և կատարած ներդրումները ենթակա չեն վերադարձման.
3) պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ֆեդերացիայի միջոցների հաշվին: