20 Հունվարի 2016, 81 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը և N 4 հավելվածը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի գործողությունը դադարում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:».
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ գումարը,»,
բ. 23-րդ կետից հանել «հաջորդ ամսվա» և «և փոխանցվում վճարող կազմակերպությանը» բառերը,
գ. 24-րդ կետում «կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմողի ընտրությամբ» բառերը փոխարինել «անկանխիկ եղանակով» բառերով,
դ. 25-րդ կետի առաջին նախադասությունը «ծնողի» բառից հետո լրացնել «կամ նրա լիազորած անձի» բառերով,
ե. 25-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «անկանխիկ» բառը փոխարինել «ծնողի բանկային հաշվին փոխանցելու» բառերով, հանել «կանխիկ եղանակով» բառերը, իսկ «լիազորագիր:» բառից հետո կետը լրացնել «Ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է նաև լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:» նախադասությամբ,
զ. 26-րդ և 28-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
է. 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. չվճարված նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար դիմումը ներկայացնող ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը.».
4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
6-րդ ենթակետով.
«6) նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:».
5) որոշման N 3 հավելվածի 6-րդ կետում «ծառայությունները» բառը փոխարինել «ծառայությունները (այդ թվում՝ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա ծնողի կամ նրա լիազորած անձի անվամբ բանկային հաշիվ բացելը և սպասարկելը)» բառերով:
2. Սահմանել, որ՝
1) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկ է ներկայացնում դիմում.
2) բանկը մերժում է դիմումը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով ծառայության կողմից բանկին տրամադրված տվյալների համաձայն` դիմողն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ չէ.
3) բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ներկայացրած բանկային հաշվին՝ ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը.
4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան`
ա. 2016 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը,
բ. դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է 2016 թվականի ապրիլի
1-ից հետո.
5) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ներկայացված դիմումներն առոչինչ են.
6) սույն կետի գործողությունը դադարում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: