4 Փետրվարի 2016, 90 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր ենթակայության «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Տուֆաբլոկների փող., 14) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2015 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ գնահատված արժեքը` 54836480 դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 54836480 դրամ:
3. Ընկերության պարտավորությունները՝ կրեդիտորական պարտքեր՝ աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 5196.0 հազ. դրամ:
4. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2005-2013 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, գույքի արժեքի որոշման համար նախատեսված՝ 168264 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
7. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի: