29 Հունվարի 2016, 65 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման և Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 0.38654 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահին, քանի որ`
ա. երկաթուղային կայարանին հարող տարածքում կայարանի սահմանափակ հողամասը և երկաթուղային փակուղու առկայությունն են հնարավոր դարձնում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցումը (կառուցումը),
բ. կառուցապատման կանոնակարգումը սահմանային անվտանգության և համալիր կառավարման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման համար ունի համապե-տական կարևոր նշանակություն.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերակառուցման աշխատանքների արդյունավետ կանոնակարգումը չի կարող իրականացվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի` N 1 հավելված, ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության.
2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է.
3) սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանն է.
4) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ օրն է:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի համայնքում գտնվող` քաղաքացի Գագիկ Շահենի Նազլուխանյանին` համաձայն N 2 հավելվածի, սեփականության իրավունքով պատկանող 0.38654 հեկտար հողը:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով իրազեկումը և սույն որոշումը ոչ պակաս, քան 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցում հրապարակումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը և այն կազմելուց հետո ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ձեռքբերողի սեփական միջոցների հաշվին.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում առաջարկել Ճոճկանի համայնքի ղեկավարին համատեղ ճշգրտել գերակա հանրային շահ ճանաչվող հողամասի չափսերը և նպատակային նշանակությունը.
5) սույն որոշման 3-րդ կետի համաձայն` գերակա հանրային շահ ճանաչված տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված_