Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 50 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.
2) 4-րդ կետում «, որում նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, տեսակը, կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն) ու ակնկալվող որակավորման կարգը և համապատասխանաբար պետական գրանցման կամ հաշվառման համարը:» բառերը փոխարինել «` համաձայն ձևի,» բառերով.
3) 4.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) որակավորման կարգ ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) «Լիցենզիաների, վկայականների և հավաստագրերի հայտերի ընդունման համակարգ» բաժնում տրամադրող գերատեսչություններից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նշելուց հետո ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում» ենթաբաժինը, ինչպես նաև հայտատուի տեսակը և լրացնում հայտը` համաձայն ձևի` կցելով սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Հայտի համապատասխան դաշտերը լրացնելուց հետո հայտն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (PDF): Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX,)».
4) 4.1-ին կետի «բ» ենթակետը «օրվանից,» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«: Էլեկտրոնային եղանակով հայտի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն հայտի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով,».
5) 4.1-ին կետի «գ» ենթակետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «տեսքով,» բառից հետո լրացնել «իսկ լիազորված անձի դեպքում` լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը,» բառերով.
6) 4.1-ին կետի «դ» ենթակետից հանել «որից հետո փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ պետական տուրքի անդորրագրի, վերադարձվում են հայտատուին:» բառերը.
7) 6-րդ կետում «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
8) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) սույն ընթացակարգի 19.1-ին կետով նախատեսված ժամկետում հայտատուն չի վճարել պետական տուրքը,».
9) 8-րդ կետում «գրավոր» բառը փոխարինել «որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքայն օրվա ընթացքում հայտում նշված եղանակով» բառերով.
10) 9-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, «5 օրվա» բառերը՝ «5 աշխատանքային օրվա» բառերով, իսկ «պատշաճ ձևով (էլեկտրոնային եղանակով հայտի ստացման դեպքում` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին) նախազգուշացնում է» բառերը՝ «հայտում նշված եղանակով տեղեկացնում է» բառերով.
11) 10-րդ կետի «բ» ենթակետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
12) 14-րդ կետի «ա» ենթակետում «5 օր» բառերը փոխարինել «5 աշխատանքային օր» բառերով.
13) 19.1-ին կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում որակավորող մարմինը հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պետական տուրքի վճարման մասին հավաստիանում է գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով:».
14) 20-րդ կետում «7 օրվա» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա» բառերով, իսկ «վկայական» բառից հետո լրացնել «՝ ընդ որում, էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի պարագայում կից փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում):».
15) 22-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հայտատուն արձանագրությունն ստանալուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով չի ծանուցել որակավորող մարմնին անհամապատասխանությունները վերացված լինելու մասին, կամ`».
16) 23-րդ կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
17) 25-րդ կետը «հիման վրա`» բառերից հետո լրացնել «թղթային կամ էլէկտրոնային եղանակով» բառերով.
18) 27.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27.1. Որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտը շահագործող անձի կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտի փաստաթղթերի այլ փոփոխության դեպքում` հյուրանոցային ծառայություն մատուցող անձը դրա մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է որակավորող մարմնին: Հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման փոփոխության դեպքում` հայտատուն որակավորող մարմին է հանձնում նաև որակավորման վկայականը, ինչի հիման վրա որակավորող մարմնի որոշմամբ հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է նոր որակավորման վկայական:».
19) լրացնել նոր ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված