Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2015, 1566 - Ն

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 28-րդ և 28.1-ին հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:
2. Հաստատել`
1) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը նշանակված խնամքի նպաստի վճարումը, սկսած 2016 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների միջոցով իրականացնելն ապահովելու ուղղությամբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
6. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը համարվում է սույն որոշմամբ սահմանված կարգով նշանակված:

 

Հավելված