24 Դեկտեմբերի 2015, 1535 - Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 96-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) 2018 թվականի հունվարի 1-ից վերականգնողական անհատական ծրագիրը կազմվում է ինչպես փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով, ընդ որում, միևնույն վերականգնողական անհատական ծրագրի՝ փաստաթղթային և էլեկտրոնային եղանակներով կազմված օրինակներում ներառված տվյալներն ու տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց՝ բացառությամբ վերականգնողական անհատական ծրագրի՝ բժշկական վերականգնման ծրագրի վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման մասին տեղեկատվության, որը, մինչև սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվական համակարգերի ներդրումը, բժշկական վերականգնում իրականացնող համապատասխան մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից լրացվում է միայն վերականգնողական անհատական ծրագրի՝ փաստաթղթային եղանակով կազմված օրինակում.
2) մինչև սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվական համակարգերի ներդրումը՝ վերականգնողական անհատական ծրագրում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման համար հիմք է հանդիսանում փաստաթղթային եղանակով կազմված վերականգնողական անհատական ծրագիրը.
3) 2018 թվականի հունվարի 1-ից վերականգնողական անհատական ծրագրի՝ բժշկական վերականգնման ծրագրի վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրման, ինչպես նաև մասնագիտական (աշխատանքային) ու սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների իրականացման մասին տեղեկատվությունն արտացոլվում է վերականգնողական անհատական ծրագրի՝ ինչպես փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով կազմված օրինակում, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակում.
4) 2018 թվականի հունվարի 1-ից վերականգնողական անհատական ծրագրի վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման մասին տեղեկատվությունը պետք է ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային որոշման N 1 հավելվածով նախատեսված առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձի մասին տեղեկատվությունն այդ համակարգում բացակայում է.
5) մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերականգնողական անհատական ծրագիրը փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկական օրինակները հանձնվում են հաշմանդամություն ունեցող անձին (կամ նրա ներկայացուցչին) և հաշմանդամություն ունեցող տվյալ անձի սպասարկման տարածքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (կամ բաժնին): Վերականգնողական անհատական նոր ծրագիր կազմելու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական նախորդ ծրագիրը պահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաuտանի Հանրապետության բժշկաuոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմիններում.
6) 2018 թվականի հունվարի 1-ից հետո վերականգնողական անհատական ծրագիրը փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով կազմվում է ընդամենը մեկ օրինակից, որը հանձնվում է հաշմանդամություն ունեցող անձին (կամ նրա ներկայացուցչին):
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում հաստատել վերականգնողական անհատական ծրագրի ձևը և վերականգնողական անհատական ծրագրի լրացման մեթոդական ցուցումները.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջների կատարման նպատակով ապահովել տեղեկատվական համապատասխան համակարգերի միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող ծրագրային գործիքների ներդրման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) ցուցաբերել անհրաժեշտ մեթոդական աջակցություն սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված վերականգնողական անհատական ծրագրի լրացման մեթոդական ցուցումների մշակման գործընթացում.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել վերականգնողական անհատական ծրագրի՝ բժշկական վերականգնման ծրագրի վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախատեսված միջոցառումների և դրանց իրականացման մասին տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգերի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: