Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1528 - Ն

2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՔՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
1) 2015 թվականի համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Շենգավիթ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունների պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 25-ը` պայմանագրերում կատարելով համապատասխան փոփոխություններ.
2) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի Անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ ծրագրով նախատեսված միջոցների 50 մլն դրամ մնացորդը կանխավճարի սկզբունքով փոխանցել 2015 թվականի համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Շենգավիթ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություններին` 2016 թվականի ընթացքում սահմանամերձ գյուղական համայնքների 35 անպտղություն ունեցող ամուսնական զույգերին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել`
1) 2016 թվականի ընթացքում սահմանամերձ գյուղական համայնքների 35 անպտղություն ունեցող ամուսնական զույգերի ընտրության չափանիշները` նախապատվությունը տալով սահմանապահ գյուղական համայնքներին.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշերի կիրառմամբ ընտրված ամուսնական զույգերի անհատական ցանկը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջարկությամբ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: