17 Դեկտեմբերի 2015, 1498 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 35 770 000 դրամ շուկայական արժեքով, 141,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Բանաձև մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ 0087 քաղ. Երևան, Ավանեսովի 8, բն. 26)՝ կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ՝
1) կազմակերպությունն իր կողմից ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին: