12 Նոյեմբերի 2015, 1385 - Ն
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4.1-ին մասը և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ու 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ նախատեսված պաշտոնական էլեկտրոնային փոստի կառավարման գործառույթները վերապահել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի կառավարման նպատակով կնքվող պայմանագրերում սահմանել, որ էլեկտրոնային փոստի կառավարիչը պատասխանատվություն չի կրում այլ անձանց կողմից ուղարկված հաղորդագրության բովանդակության, ինչպես նաև օգտատիրոջ կողմից սահմանված վերահասցեագրման ենթակա էլեկտրոնային փոստի կամ բջջային հեռախոսահամարի հասանելիության և դրանց վերջնական օգտատերերին էլեկտրոնային տվյալների պատշաճ փոխանցման կամ արտացոլման, ինչպես նաև դրանց արդյունքում օգտատերերի կրած վնասների համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական էլեկտրոնային կայքերում որպես պաշտոնական էլեկտրոնային փոստ մատնանշվում է սույն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված՝ տվյալ մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն, որը զետեղվում է տվյալ մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի առնվազն գլխավոր էջի ակնհայտ տեսանելի մասում՝ «պաշտոնական էլեկտրոնային փոստ՝» բառակապակցությունից անմիջապես հետո։
5. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նույնականացման քարտեր ունեցող անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն տրամադրվում է սույն որոշման հավելվածով սահմանված կարգով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը: