Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2015, 1319 - Ն

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՈՒԼԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ՝ ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականին հատկացնել 50.000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Սահանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացված միջոցներից 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,500.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող յուրաքանչյուր վիրավորին` 700.0 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 500.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում բացել անվանական հաշիվներ:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի նոյեմբերի 3-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 1034-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովին`
1) հստակեցնել և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել փոխհատուցման ենթակա անձանց կամ նրանց հարազատների ցուցակները.
2) անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար տրամադրել սգո պարագաներ և ապահովել տրանսպորտային միջոցներով.
3) ըստ պահանջի ապահովել Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն՝ հոգալով տեղափոխման ծախսերը.
4) կատարված ծախսերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված