Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1224 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Արարատ քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
 

Հավելված