8 Հոկտեմբերի 2015, 1208 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐ ՏՐԱՄԱՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ վերանայել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված «Պետության կողմից «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիրը՝ պայմանագրում նախատեսելով համապատասխան դրույթ, որ պայմանագրով նախատեսված 228,614.7 հազ. դրամից 206,500.0 հազ. դրամն օգտագործվելու է DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի ձեռքբերման նպատակով:
3. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից հեռուստատեսային թվայնացման ծրագրի իրականացումից խնայված (158,997.5 հազ. դրամ) միջոցների հաշվին ձեռք բերել 48.733 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր՝ 365,497.5 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ, և սույն որոշման 4-րդ կետի համաձայն դրանք անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի ընդունման-հանձնման ակտով հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում, ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված սարքերի բաշխման կարգի վերաբերյալ առաջարկություն՝ դրանում հաշվի առնելով սարքերի տրամադրման համար հիմք ընդունվող հանգամանքները, տեղափոխմանը և պահեստավորմանը վերաբերող հարցերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: