15 Հոկտեմբերի 2015, 1188 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ 2015 թվականի հոկտեմբերի 22-24-ը կայանալիք` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (այսուհետ՝ ՄԳԻՄՕ) շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ՄԳԻՄՕ-ի շրջանավարտներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մինչև 2015 թվականի հոկտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող շրջանավարտների ցուցակները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2015 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների` համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։