Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2015, 1142 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ Գյումրի քաղաքի Շչորսի փողոցի N 1 հասցեում գտնվող՝ 1,679.918 հազ. դրամ սկզբնական արժեքով, 2446.26 քառ. մետր մակերեսով հուշարձան-շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.184726 հեկտար հողամասը այսուհետ` գույք նվիրաբերել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ Գյումրի քաղաքում կրթական և մշակութային կենտրոն ստեղծելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ`
1) հիմնադրամը պարտավորվում է 5 տարվա ընթացքում հուշարձան-շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 960.0 մլն դրամի չափով ներդրում՝ հետևյալ համամասնությամբ՝
ա. 1-ին և 2-րդ տարիների ընթացքում՝ գումարի 10 տոկոսի չափով,
բ. 3-րդ և 4-րդ տարիների ընթացքում՝ գումարի 80 տոկոսի չափով,
գ. 5-րդ տարում՝ գումարի 10 տոկոսի չափով.
2) նվիրաբերության մասին պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ հիմնադրամը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շչորսի փողոցի N 1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ կնքել համապատասխան պահպանական պարտավորագիր, ինչպես նաև նախքան հուշարձան-շենքի ամրացման և վերանորոգման աշխատանքներն սկսելը պարտավոր է ամրացման աշխատանքների նախագիծը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ: