1 Հոկտեմբերի 2015, 1128 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, 85-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի քաղաքային համայնքի Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասից 1,4 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից՝ Հայաստանի Հանրապետութան օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետին ներկայացված առաջարկության հիման վրա նախաձեռնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխման գործընթացը:
3. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերւթյան ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար կառուցելու նպատակով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուց և հողամասի շուկայական արժեքի գնահատումից հետո այն, որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով դրա գնահատված արժեքի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Առաջարկել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող հողամասի շուկայական արժեքի գնահատումը և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը:
5. Սահմանել, որ ընկերությունը պարտավոր է՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ ընկերության սեփականության իրավունքի գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝ լիազորված պետական մարմին ներկայացնել անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիր (նախագիծ)` օտարվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում անտառապատման, ցանկապատման, ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների և դրանց կատարման ժամանակացույցի վերաբերյալ.
2) լիազորված պետական մարմնի դրական եզրակացությունն ստանալուց հետո սեփական միջոցների հաշվին իրականացնել անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիրը (ծրագիրն ավարտված է համարվում անտառապատման ընթացքում հիմնադրված անտառատնկարկները Հայաստանի Հանրապետութան օրենսդրությամբ սահմանված կարգով անտառի շարք տեղափոխելու օրը).
3) տարածքում անտառատնկարկների ամբողջական ոռոգումն ապահովելու նպատակով սեփական միջոցների հաշվին վերակառուցել հողամասում առկա ոռոգման ցանցը (նախագծային աշխատանքներ, ապամոնտաժում և մոնտաժում).
4) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև կանոնադրական կապիտալի փոփոխությունների հետ կապված ծախսերն իրականացնել ընկերության միջոցների հաշվին: