Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 1093 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ, 3-րդ ու 4-րդ մասերը և հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքները և, մասնավորապես, 7-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր ու տարածքային կառավարման մարմիններին և առաջարկել պետական այլ մարմիններին ու Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին.
1) նոր էլեկտրոնային համակարգեր և տվյալների բազաներ մշակելիս՝ պահպանել սույն որոշմամբ սահմանված նախագծման ու շահագործման տեխնիկական ընդհանուր պահանջները, իսկ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության մանրամասն տեխնիկական մասնագրերը և այլ միասնական փաստաթղթերը հաստատելու պահից հաշվի առնել նաև հաստատված փաստաթղթերով ամրագրված պահանջները.
2) արդեն իսկ շահագործվող կամ ստեղծման ընթացքում գտնվող համակարգերը համապատասխանեցնել սույն որոշմամբ սահմանված էլեկտրոնային համակարգերի անվտանգությունն ու փոխգործելիությունն ապահովելու համար հաստատված ընդհանուր և տեխնիկական մասնագրերի պահանջներին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության մանրամասն տեխնիկական մասնագրերը և այլ միասնական փաստաթղթերը հաստատվելու պահից 18-ամսյա ժամկետում.
3) մինչև 2017 թվականի մայիսի 1-ը իրենց տիրապետման ներքո գտնվող տվյալների բազաները գրանցել պետական տեղեկատվական համակարգի համապատասխան ենթառեգիստրում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով.
4) սույն որոշման պահանջները կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պլանավորել ֆինանսական միջոցները` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, արտաբյուջետային միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին՝ համապատասխան ֆինանսական հատկացումներ պլանավորելով միջնաժամկետ ծախսերի ծրագրում և ծախսերի տարեկան բյուջեներում.
5) «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ապահովել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ու պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից սույն որոշմամբ սահմանված պահանջների պահպանումը, այդ թվում՝ նրանց տիրապետման տակ գտնվող տվյալների բազաների գրանցումը պետական տեղեկատվական համակարգի համապատասխան ենթառեգիստրում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հաստատել էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության մանրամասն տեխնիկական մասնագրերը և պետական մարմինների կողմից էլեկտրոնային համակարգերի անվտանգությունն ու փոխգործելիությունն ապահովելու համար կիրառման ենթակա անհրաժեշտ միասնական փաստաթղթերը:
4. Սույն որոշման հավելվածի VI գլուխն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից։ Մինչև սույն որոշման հավելվածի VI գլուխն ուժի մեջ մտնելը պետական էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումն իրականացնող օպերատորը՝ այդ գլխով սահմանված պահանջների կիրարկումն ապահովելու համար պետության նյութական աջակցության հաշվին ստեղծում է անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքներն ու համակարգերը։
5. Սույն որոշման հավելվածի 9-րդ կետն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
6. Պետական տեղեկատվական համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումը (այդ թվում՝ համապատասխան ենթառեգիստրների վարումը) իրականացնող օպերատորի գործառույթները վերապահել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը, որի հետ համապատասխան ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելու, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա սույն որոշմամբ սահմանված օպերատորի գործունեության նկատմամբ վերահսկողության լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:
7. Սույն որոշման գործողությունը չի տարածվում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող տվյալների մշակում, պահպանում ու փոխանակում իրականացնող էլեկտրոնային համակարգերի և այդ համակարգերը տիրապետող կամ սպասարկող պետական կառավարման մարմինների վրա:

 

 

Հավելված